Աղբիւր՝ www.panorama.am

«Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովը, որը կայացաւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփիւռք գործակցութեան յետագայ ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթութիւնների յստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակների շուրջ հայութեան համախմբմանը:

Ողջ հայութիւնն իր միասնական ջանքերը պէտք է նպատակաուղղի.

• Հայաստանի Հանրապետութեան առաւել զօրացմանը, յետագայ առաջընթացին և ապահովութեանը,

• Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրաւունքի հիման վրայ լուծմանը,
• Սփիւռքի առաւել կազմակերպմանը,

• ազգային ինքնութեան պահպանմանը և աշխարհասփիւռ հայութեան ներուժի համախմբմանը,

• Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը,

• հայ եկեղեցու շուրջ հայութեան համախմբմանը,

• արտակարգ իրավիճակներում յայտնւած հայերի օգնութեանն ու աջակցութեանը:

Մենք` համաժողովի մասնակիցներս, նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանի մարտահրաւէրները`

հռչակում ենք

1. հետևեալ համազգային առաջնահերթութիւնները՝ որպէս Հայաստան-Սփիւռք գործակցութեան գաղափարական հենք.

1.1 Հզօր և ապահով Հայաստանի կառուցում

1.2. Անկախ և անվտանգ Արցախ

1.3. Կազմակերպւած Սփիւռք

1.4. Հայոց լեզուն՝ որպէս հայապահպանութեան կռւան

1.5. Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը

1.6. Համախմբում Հայ եկեղեցու շուրջ

1.7. Արտակարգ իրավիճակներում յայտնւած հայերի անվտանգութիւնը

2. Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում և Սփիւռքում գործող զանգւածային լրատւութեան միջոցները՝ որպէս համահայկական տեղեկատւական հսկայածաւալ ցանց, ելնելով համազգային առաջնահերթութիւններից, այսուհետ ևս առաւել հետևողական և ծրագրաւորւած աշխատանքներ պէտք է իրականացնեն Հայաստանի ձեռքբերումների, ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ միջազգային հանրութեան իրազեկւածութեան աստիճանի բարձրացման ուղղութեամբ, յստակ քայլեր ձեռնարւեն թուրք-ադրբեջանական կեղծարար, ապատեղեկատւական քարոզչամեքենայի դէմ և իրենց ուժերը համախմբեն նաև օտարալեզու զանգւածային լրատւամիջոցներում հայկական հիմնախնդիրներն արծարծելու, հայ դատի լուծմանը նպաստելու համար:

3. Սոյն ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ հիմք է ծառայում, որպէսզի ՀՀ կառավարութիւնը՝ ի դէմս ՀՀ սփիւռքի նախարարութեան և այլ պետական գերատեսչութիւնների, համահայկական կառոյցներն ու հայկական կազմակերպութիւնները, յանձնառու լինեն` համապատասխան ձեռնարկներով և ծրագրերով իրականացնելու յայտարարութեան գաղափարները և նախանշած խնդիրները:

Մենք ուժեղ ենք միասին և միասնաբար ենք կերտելու մեր պատմութիւնն ու ապագան` յանուն հզօր և ապահով ՀԱՅԱՍՏԱՆԻ, յանուն անկախ ու յաղթանակած ԱՐՑԱԽԻ և կազմակերպւած ՍՓԻՒՌՔԻ»:

Յայտարարութիւնը ամբողջութեամբ ընթերցելու համար այցելել հետեւեալ հասցէ՝

http://www.panorama.am/am/society/2014/09/20/ministry-diaspora/